29 հունիսի 2012 - 11:52 AMT
Գ.Բեգլարյան. Կձգտենք, որ ՏՐԱՍԵԿԱ-ի հայաստանյան ծրագրերն ավելի արդյունավետ և ինտենսիվ լինեն

Հունիսի 28-ին ՀՀ Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ընդունել է ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին: Ճանաչողական զրույցի ընթացքում Էդուարդ Բիրյուկովը նախարարին է ներկայացրել ՏՐԱՍԵԿԱ ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացված աշխատանքները և առաջիկա գործունեության հեռանկարները։

ՏՐԱՍԵԿԱ ծրագրին անդամակցելու օրվանից Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են ավելի քան 25 տեխնիկական աջակցության և ներդրումային ծրագրեր։ Վերջին ծրագրերից է «Զվարթնոց» օդանավակայանի հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի ստեղծման նախագիծը և Մաստեր պլանը: Այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականացվող ամենակարևոր ենթակառուցվածքային ծրագրերի թվում է Հյուսիս- Հարավ ճանապարհային միջանցքի ստեղծման նախագիծը։ Ներկայումս բանակցություններ են տարվում նախագծի երրորդ տրանշի ֆինանսավորումն իրականացնելու ուղղությամբ։ 2012 թ. փետրվարի վերջին երկրորդ ներդրումային համագումարում Հայաստանի Հանրապետությունը, մի շարք ծրագրերի թվում, ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության հիմնական տարանցիկ մայրուղիների վերականգնման և վերակառուցման» ծրագիրը։ Վերջինիս նկատմամբ նախնական հետաքրքրություն է հայտնել Եվրոպական ներդրումային բանկը, որը կարող է Համաշխարհային բանկի հետ համատեղ ծրագրի ֆինանսավորողը դառնալ։

Հանդիպման ընթացքում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը կարևորել է ՏՐԱՍԵԿԱ-ի կողմից Հայաստանում կյանքի կոչվող ծրագրերը և հայտնել, որ դրանց շարունակականության ապահովումը իր ուշադրության կենտրոնում է լինելու։

Փնտրվելու են նոր ուղիներ՝ ՏՐԱՍԵԿԱ-ի հայաստանյան ծրագրերի իրականացումն ավելի արդյունավետ և ինտենսիվ դարձնելու համար։