29 հունիսի 2012 - 12:24 AMT
Վալերի Բուայեն նոր օրինագիծ է պատրաստում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն հայտարարել է, որ նոր օրինագիծ է նախապատրաստում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին: Ինչպես հայտնում է թուրքական Cihan գործակալությունը, նա խոստացել է նոր օրինագիծ ներկայացնել խորհրդարան, որը կհամապատասխանի Սահմանադրության բոլոր նորմերին:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ քվեարկեց ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: Փետրվարի 29-ին Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը օրինագիծը ճանաչեց ոչ սահմանադրական: Գրեթե անմիջապես Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին հանձնարարեց կառավարությանը նախապատրաստել նոր օրինագիծ:

Նախընտրական արշավի ժամանակ նախագահ Սարկոզին խոստացավ, որ ընտրվելու դեպքում օրինագծի նոր խմբագրությունը կներկայացվի արդեն հունիսին:

Այժմյան նախագահ Ֆրանսուա Օլանդը ևս խոստացել է նպաստել օրինագծի ընդունմանը: