29 հունիսի 2012 - 21:04 AMT
Եգիպտոսի նոր ղեկավարությունը խոստանում է զբոսաշրջիկներին չզրկել ալկոհոլից և բիկինիից

Եգիպտոսի իսլամիստները զբոսաշրջիկներին չեն զրկի ալկոհոլային խմիչքից: Այդ մասին մամլո ասուլիսում պատմել է Ռուսաստանում Եգիպտոսի դեսպան Ալաա Էլհադիդին: Ինչպես վստահեցրել է դիվանագետը, չի արգելվի նաև բիկինին լողափերում: Էլհադիդիի խոսքով` Եգիպտոսը չի պատրաստվում նման միջոցներ ձեռնարկել, քանի որ դրանք վատ կանդրադառնան տուրիստական ոլորտի վրա: Դեսպանը ճշտել է, որ դրանից ստացվող եկամուտը կազմում է Եգիպտոսի ՀՆԱ 12 տոկոսը:

Ինչպես ավելի վաղ գրել էր The Daily Telegraph-ը, ալկոհոլ օգտագործելն ու բիկինի կրելն արգելել, ինչպես նաև լողափերը կանանց և տղամարդկանց միջև բաժանել պահանջում էին «Մահմեդական եղբայրներ» շարժման քաղաքական թևի` Ազատության և արդարության կուսակցության ներկայացուցիչները: Մոհամմեդ Մուրսին նախագահ էր առաջադրվել հենց այդ կազմակերպությունից: Թեև ընտրվելուց հետո նա հրաժարվեց «Մահմեդական եղբայրներին» անդամակցելուց` խոստանալով, որ կդառնա նախագահ բոլոր եգիպտացիների համար: