30 հունիսի 2012 - 11:22 AMT
«Սարդարապատ» շարժումը կոչ է անում Վահե Ավետյանի հուղարկավորությունը վերածել լուռ ցասումի միջոցառման

«Սարդարապատ» շարժումն այսօր Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ քաղաքացիներին կոչ է անում համախմբվել և Վահե Ավետյանի հուղարկավորության արարողությունը վերածել համաժողովրդական սգո և լուռ ցասումի միջոցառման:

Հաղորդագրության մեջ ասվում է.

«Միջոցառման նպատակն է հոգևոր ու բարոյական աջակցությամբ մեղմել զոհվածի հարազատների` հանցավոր ամենաթողության դեմ անզորությունից բազմապատկված վիշտը, ինչպես նաև վարչախմբին հստակ և վճռական կերպով ցույց տալ, որ հայ ժողովուրդն այլևս ինքնակազմակերպվելով տեր է կանգնում երկրին ու իշխանությանը և օրենքին համապատասխան պատժելու է բոլոր հանցագործներին:

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը բոլոր մտահոգ մարդկանց առաջարկում է այսօր` ժամը 17:00-ին հավաքվել Ազատության հրապարակում` Վահե Ավետյանի հուղարկավորության կազմակերպման հանրային հանձնաժողով ստեղծելու նպատակով»: