ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետում այսօր առաջին անգամ անցկացվում է «ՓսայՔեմփ» (PsyCamp) «Հոգեբանությունը հողաթափերով» անվանմամբ հոգեբանական չկոնֆերանսը (ոչ պաշտոնական կոնֆերանսը):
Միջոցառման կազմակերպիչ, հոգեբան Լիլիթ Փանոսյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց, որ միջոցառման գաղափարը ծնվել է ԲարՔեմփից հետո՝ որոշվեց անել նույն ձևաչափով միջոցառում, սակայն հոգեբանության ոլորտում. «Նպատակն է ցույց տալ, թե որքան ճկուն կարող է լինել հոգեբանությունը և մասնագետների, և ոչ մասանգետների համար, որ կոտրվեն այն կարծրատիպը, թե հոգեբանությունը ինչ-որ վեհ բան է, որը հասու է միայն մասնագետին»:
Մասնակիցները ազատ են իրեն զեկույցները ներկայացնելիս, նրանք կարող են ներկայացնել ինչպես իրենց կամ այլ գիտնականների ուսումնասիրությունները, այնպես էլ առօրյա դիտարկումներն ու փորձը հոգեբանության մասին:
Զեկուցումները ներկայացվում են միաժամանակ մի քանի լսարաններում, ինչպես ԲարՔեմփում, այստեղ էլ մասնակիցները նախօրոք իրենք են լրացնում զեկուցումների ժամանակացույցը:
Քաղաքագետ Սեդա Վարդանյանն, օրինակ, ներկայացրեց երկու «Ինչպես էֆեկտիվ սովորել» և «Ինչու դուք երբեք չպետք է հանձնվեք» զեկույցները: Զեկույցներին ներկայացվեցին պարզ խորհուրդներ այն մասին, թե ինչ պետք է անել նպատակին հասնելու համար, ինչպես նաև խորհուրդներ, թե ինչպես կազմակերպել ուսումնական գործընթացն այնպես, որ այն լինի ավելի հետաքրքիր և արդյունավետ:
«Քայլել խմբի հետ, թե առանց» թեմայով զեկույցը ներկայացնող Աստղիկ Պետրոսյանը պատմեց, որ իր զեկույցը խմբի մեջ մնալու դրական և բացասական կողմերի մասին է. «Կներկայացվեն խմբի հետ լինելու թե՛ դրական, թե՛ բացասական կողմերը` անձնական փորձի, գիտնականների ուսումնասիրությունների, ինչպես նաև փորձերի հիման վրա»:
Զեկույցներ կան նաև «Ծխելը թողնելու գործում օգտակար առաջարկներ», «Պոզիտիվ հոգեբանություն», «Արխետիպերի օգտագործումը սոցցանցերում», «Պահանջմունքների բուրգ, քարոզչական պաստառներ» և այլ թեմաներով:
Միջոցառումը կտևի այսօր մինչև ժամը 17.00-ը: