30 հունիսի 2012 - 15:56 AMT
«Հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ն ՄԻԱՎ վարակի կանխարգելման ծրագիր կիրականացնի

«Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ հայտարարում է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ԵՄ Արևելյան հարևանության և համագործակցության գործընկեր երկրներում խոցելի խմբերի շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման արդյունավետ ռազմավարության լայնամասշտաբ ներդրում» եռամյա ծրագրի մեկնարկը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են «Մենք հանուն քաղաքացիական հավասարության» ՀԿ-ի լրատվական ծառայությունից` ծրագիրը է տարածաշրջանային է և ընգրկված են գործընկեր կազմակերպություններ Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից և Ուկրաինայից: Ծրագրի ընդհանուր համակարգողն ու հիմնական ֆինանսավորվողը Ուկրաինայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միջազգային Ալիանսն է:

Ծրագրի հիմնական թիրախներն են թմրանյութերի ներարկային օգտագործողները (ԹՆՕ), սեռական ծառայություն մատուցողները (ՍԾՄ) և տղամարդկանց հետ սեռական հարաբերություն ունեցող տղամարդիկ (ՏՍՏ): Ծրագրի հիմնական նպատակն է հավաքագրել ՄԻԱՎ վարակի նկատմամբ առավել խոցելի համայնքների հետ աշխատանքների լավագույն ազգային և միջազգային օրինակները և ամփոփել դրանք խոցելի խմբերից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ ծառայությունների փաթեթում: Հետագայում այս ծառայությունների փաթեթները կօգտագործվեն որպես համակարգման գործիք կառավարության և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար համաճարակի դեմ ազգային հակազդեցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Փաթեթը կներառի ինչպես կանխարգելիչ, այնպես էլ բուժման, խնամքի և աջակցություն ծառայություններ:

Ծրագրի մեկնարկային շնորհանդեսը տեղի կունենա հուլիսի 2-ին` ժամը 14.00 Էրեբունի Պլազայի «Արգիշտի» սրահում: