30 հունիսի 2012 - 17:12 AMT
Բյուրականում «Աստղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով գիտաժողով կանցկացվի

Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 25-28-ին Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա միջազգային պատմա-աստղագիտական գիտաժողով «Ատղագիտական ժառանգությունը ազգային մշակույթում» թեմայով, որը նվիրվելու է ինչպես Շիրակացու աստղագիտական ժառանգությանը, այնպես էլ աստղագիտական արժեք ներկայացնող Հայաստանի նյութական և ոչ նյութական հուշարձաններին:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից`կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանը (ԲԱ), ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և Մ. Մաշտոցի անվան Մատենադարանը:

Գիտաժողովին կմասնակցեն Հայաստանի և արտերկրի մոտ 50 գիտնականներ` աստղագետներ, պատմաբաններ, հնագետներ, լեզվաբաններ և այլ մասնագետներ: Զեկուցվող և քննարկվող թեմաներն են լինելու աստղագիտական բնույթի ժայռապատկերները, հնագույն օրացույցները և տոմարը, աստղագիտական եզրաբանությունը, հնագույն աստղադիտարանները և աստղագիտական գործիքները, աստղագիտական երևույթների հիշատակությունները պատմական աղբյուրներում, Մատենադարանի աստղագիտական բնույթի ձեռագրերը, Անանիա Շիրակացու տիեզերագիտական և տոմարագիտական ժառանգությունը, միջնադարի հայ աստղագիտական քարտեզները և այլն: