2 հուլիսի 2012 - 13:12 AMT
Այսօր տեղի կունենա Լեոնիդ Ազգալդյանին նվիրված կայքի շնորհանդեսը

Այսօր` հուլիսի 2-ին, ժամը 19:00-ին, Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում տեղի կունենա «Անկախության բանակ» և «Ազատագրական բանակ» ռազմական զույգ կառույցների գլխավոր հրամանատար, ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանին նվիրված նորաստեղծ կայքի (www.leonid.am - www.azgaldyan.am) շնորհանդեսը:

Միջոցառման ընթացքում կցուցադրվի ազգային հերոսի կյանքը և մարտական ուղին նկարագրող ֆիլմ, ելույթ կունենան Ազգալդյանի համալսարանական և ռազմական ընկերները, կհնչեն ազգային-ազատագրական երգեր և բանաստեղծություններ:

Այս տարվա հունիսի 21-ին լրացավ Լեոնիդ Ազգալդյանի մահվան 20-րդ տարելիցը, իսկ նոյեմբերի 22-ին կլրանա ծննդյան 70-ամյակը: Այս կապակցությամբ նախատեսվում են իրականացնել միջոցառումներ և կյանքի կոչել մի շարք նախաձեռնություններ, մասնավորապես` կազմակերպել ծննդյան 70-ամյակին նվիրված տոնակատարում, Ազգալդյանի կյանքի և մարտական ուղու մասին դասախոսությունների շարք սահմանամերձ շրջաններում, համալսարաններում, դպրոցներում, զորամասերում, նպաստել հայաստանյան լրատվամիջոցներում ազգային հերոսին նվիրված հաղորդումների, հրապարակումների ցուցադրմանը, աջակցել Լեոնիդ Ազգալդյանի մասին ներկայումս նկարահանվող ֆիլմի ստեղծմանը և նրա կյանքն ու գործունեությունը պատմող կենսագրական գրքի լույսընծայմանը և այլն: