2 հուլիսի 2012 - 16:41 AMT
Արամ Մանուկյան. ՀԱԿ-ի առաջնորդը նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանն է

Հայ ազգային կոնգրեսն իր առաջնորդին ունի նախագահական ընտրություններում, դա Լևոն Տեր-Պետրոսյանն է, մամլո ասուլիսում հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Ես այլ թեկնածու չեմ տեսնում, որը կկարողանա միավորող դեր կատարել»,-ասել է Մանուկյանը:

Ընդդիմադիր գործիչը նշել է, որ դեռ վաղ է խոսել որպես ընդդիմության միասնական առաջնորդ կոնկրետ թեկնածությունների մասին, քանի որ տարածաշրջանային գործընթացները կարող են վճռորոշ դերակատարություն ունենալ նախագահության թեկնածուների ընտրության հարցում:

Ըստ Մանուկյանի, այս հարցում ՀԱԿ կկողմնորոշվի սեպտեմբերին:

Որպես հնարավոր իրադարձություններ, որ կարող են ազդել նախագահության թեկնածուների ընտրության վրա, Մանուկյանը նշել է ղարաբաղյան խնդիրրն ու հայ-թուրքական հարաբերությունները, որոնց վրա, իրենց հերթին, կարող են ազդել համաշխարհային գործընթացները:

Մանուկյանը նշել է, որ սիրիական ճգնաժամը, Իրանի միջուկային ծրագրի հետ կապված իրավիճակը չեն կարող այս կամ այն կերպ չազդել Հայաստանի վրա:

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ Մանուկյանն ասաց, որ տնտեսական բաղկացուցիչը, գնաճը, արտագաղթի քաղաքականությունը, կոռուպցիայի խնդիրները կդրդեն ՀԱԿ-ին նորովի գործել: