2 հուլիսի 2012 - 19:14 AMT
Վահե Ավետյանին նվիրված ակցիաները շարունակվելու են

Քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև վերջացավ ՊՆ զինծառայող Վահե Ավետյանի մահվան կապակցությամբ կազմակերպված երթը:

Երթի մասնակիցներն իրենց հետ բերել էին «Վահե Ավետյանը ես եմ» գրությամբ պաստառներ: Նրանք դատախազության շենքի առջև ներկայացրին իրենց պահանջը.

«Ռուբեն Հայրապետյանը իր օլիգարխ գործընկերների հետ պետք է օրենքի ողջ խստությամբ պատասխանատվութուն կրի, մենք այստեղ եկել ենք արդարություն հաստատելու, ասելու, որ այսօրվանից քաղաքացիական վերահսկողություն ենք սահմանում այս կառույցի վրա Վահե Ավետյանի գործով»:

Երթի մասնակիցները հայտարարեցին, որ Վահե Ավետյանին նվիրված ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև «Նեմեց Ռուբոն բարոյական և ֆինանսական սնանկացման չհասնի, և բոլոր նեմեց ռուբոները չհասկանան, որ այս երկիրը իրենցը չի, այլ ազատ քաղաքացիներինը»:

Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: