2 հուլիսի 2012 - 19:56 AMT
Նախագահը հաստատել է դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարե¬փո¬խումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից, ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ժամանակակից իրավական պետության չափանիշներին համապատասխանող իրավական համակարգի և դատական իշխանության ապահովումը:

Ծրագիրը ներառում է այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են մասնավորապես քրեական, քաղաքացիական, վարչական արդարադատությունը, դատական համակարգը, դատախազությունը, փաստաբանության և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների ոլորտները, որոնցից յուրաքանչյուրում առկա խնդիրների լուծման համար նախատեսված են ինչպես օրենսդրական, այնպես էլ իրավակիրառական բնույթի միջոցառումներ: Յուրաքանչյուր միջոցառման համար սահմանված են իրականացման ժամկետներն ու պատասխանատու մարմինները, ինչպես նաև` այն ցուցանիշերը, որոնց առկայությունը կվկայի միջոցառման հաջող իրագործման մասին: