2 հուլիսի 2012 - 20:46 AMT
Հայաստանն ու Ֆրանսիան ծրագրում են ընդլայնել համագործակցությունը տրանսպորտի ոլորտում

Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին։ Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, դեսպանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Ֆրանսիայի կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում և վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապնդման և զարգացման համար։

Նախարար Գագիկ Բեգլարյանը շեշտել է, որ այսօր տրանսպորտի և հեռահաղորդակցության բնագավառում Ֆրանսիայի պետական հաստատությունները, մասնավոր բիզնեսը, ինչպես նաև առաջավոր տեխնոլոգիաները Հայաստանում սպասված են և մեծ հեռանկարներ ունեն գործունեության ծավալման և փորձի փոխանցման առումով։ Նախարարը հաստատել է իր մտադրությունները՝ տրանսպորտի և կապի ոլորտում լայն հնարավորություններ ստեղծելու Ֆրանսիայի հետ համագործակցության հետագա ընդլայնման և նոր ուղիներ գտնելու հարցում։

Գագիկ Բեգլարյանը և Անրի Ռենոն քննարկել են Հայաստանում ընթացքի մեջ գտնվող տրանսպորտի և կապի ոլորտի համատեղ ծրագրերը։