2 հուլիսի 2012 - 20:45 AMT
Ալբանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Հայաստանի ԱԳ նախարարին

Հուլիսի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ալբանիայի նորանշանակ դեսպան Դաշնոր Դերվիշիին (նստավայրը` Աթենք)` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, շնորհավորելով հյուրին Հայաստանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց նրան իր պատասխանատու առաքելության մեջ: Նախարարը հույս հայտնեց, որ համատեղ ջանքերով առավել արդյունավետ կօգտագործվի առկա ներուժը հարաբերությունների ընդլայնման և զարգացման համար, և որ դեսպան Դերվիշին իր ներդրումը կունենա երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական ոլորտներում ակտիվ փոխգործակցության համար նոր ուղիներ ստեղծելու, զարգացնելու և ընդլայնելու գործում:

Դեսպան Դերվիշին, շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար, նշեց, որ Ալբանիան կարևորում է Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունների ամրապնդումը և հավաստիացրեց, որ պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմանի կապերի զարգացման ու խորացման համար:

Զրուցակիցները քննարկեցին նաև երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ձևավորման, առևտրատնտեսական և հումանիտար համագործակցության խթանման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: