15 հոկտեմբերի 2004 - 23:57 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԱՊՀ ՀՕՊ-Ի ՄԻԱՑՅԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԵՐԹԱՊԱՀ ՈՒԺԵՐԻ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Հոկտեմբերի 19-ին Մոսկվայում ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Վլադիմիր Միխայլովի ղեկավարությամբ կանցկացվեն ԱՊՀ-ի հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի հերթապահ ուժերի հրամանատարաշտաբային զորավարժությունները: Այդ մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել է ԱՊՀ-ի ՀՕՊ-ի միացյալ համակարգի հարցերի համակարգող կոմիտեի քարտուղար գնդապետ Գենադի Սուրկովը: Վարժանքների ընթացքում մշակվելու են տարբեր արտակարգ իրավիճակներում հակաօդային պաշտպանության կառավարման մարմինների եւ հերթապահ ուժերի փոխգործակցության հարցերը: Նշենք, որ զորավարժություններին կմասնակցեն Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան: