«Նոր ալիք» մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանը խոստանում է աչքի ընկնել ոչ թե վոկալով, այլ իր ուրույն ոճով: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց երգիչը, հավելելով, որ Յուրմալա է մեկնելու հուլիսի 14-ին:
Համաշխարհային հիթերի օրը Առուստամյանը կատարելու է Էրիկ Քլեփթոնի «Change the world» երգը, ազգային երգի ներկայացման օրն Առուստամյանը կկատարի «Ով սիրուն, սիրուն» ստեղծագործությունը` սեփական մեկնաբանութամբ: Նա երգ կկատարի նաև սեփական երգացանկից:
Երևանյան նախընտրական փուլն անցկացվել է ապրիլի 4-ին և 5-ին, իսկ եզրափակիչ փուլն անցկացվել է ապրիլի 20-ին և 21-ին` Մոսկվայում:
Սուրեն Առուստամյանի հետ մրցույթի ուղեգիր նվաճելու համար պայքարում էին Լուսինե Աղաբեկյանը, Հռիփսիմե Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը և Մերի Մնջոյանը:
Մրցույթի նախաձեռնողները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է 2002 թվականից, առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլք:
2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: