6 հուլիսի 2012 - 17:41 AMT
Թեհրանում տեղի է ունեցել Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությունը

Թեհրանի Սբ. Սարգիս եկեղեցում այսօր տեղ է ունեցել ՊՆ բուժծառայող, մայոր Վահե Ավետյանի հոգեհանգստի արարողությունը:

Արարողության ընթացքում թեմի առաջնորդ Սեպուհ Սարգսյանը խոսել է Վահեի մահվան պատճառների մասին` համարելով այն մարդկությունից ու հավատքից հեռանալու հետևանք և զուգահեռներ է անցկացրել մի քանի տարի առաջ Թեհրանում ծեծկռտուքի արդյունքում սպանված երիտասարդի դեպքի հետ:

Արարողությունից հետո Իրանում բնակովող Վահեի ազգականներն ընդունել են մասնակիցների ցավակցությունները:

Աճառյան 29 հասցեում գտնվող ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հունիսի 17-ին ծեծի էին ենթարկվել ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, նույն հոսպիտալի բժիշկ Արտակ Բայադյանը և ՊՆ ավագ լեյտենանտ Գարիկ Սողոմոնյանը:

Հունիսի 29-ին, ծեծից հետո այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ՊՆ բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը: