9 հուլիսի 2012 - 12:42 AMT
«Ոսկե ծիրան». «Պոլիս» ֆիլմը նկարահանվել է աշխարհի, ոչ թե միայն հայերի համար

«Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնում ներկայացված է բազմաթիվ միջազգային կինոփառատոներում ցուցադրված Էրիկ Նազարյանի «Պոլիս» ֆիլմը: Ռեժիսորը մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ ֆիլմի գաղափարը եկավ այն ժամանակ, երբ սպանվեց Հրանտ Դինքը: Նրա խոսքով, գլխավոր նպատակն էր սփյուռքահայի հոգեբանությունը ներկայացնել օտարերկրացիներին: Նկարահանումներն ավարտվեցին անցած տարի և ֆիլմը ներկայացվեց Ստամբուլի կինոփառատոնում: Նազարյանի խոսքով, Թուրքիայում այն բավական դրական է ընդունվել, և մյուս տարի ֆիլմը ցուցադրվելու է Թուրքիայի մյուս քաղաքներում:

Ֆիլմն ուդ նվագող սփյուռքահայ երաժիշտ և Ցեղասպանությունից փրկվածների ժառանգ Արմենակ Մուրադյանի պատմությունն է, ով վերադառնում է Ստամբուլ` մասնակցելու ուդի փառատոնի: Արմենակը, որ գալիս է խառը զգացումներով և իր պապի` 1909-ի լուսանկարով, վերադառնում է Քադըքյոյ` իր ընտանիքի հին թաղը. նա ջանում է գտնել պապի ուդի խանութը, որ գոյություն է ունեցել դարասկզբին, և 1915-ի ապրիլի 24-ին անհետացած ընտանեկան ունեցվածքը: Մինչդեռ անսպասելիորեն հանդիպում է թուրք այրի Ռեյհանին, որի հնամենի խանութը հենց նույն տեղում է, ուր Արմենակի պապի ուդի խանութն է եղել:

Ֆիլմի հաջողության գրավականը, ըստ ռեժիսորի, այն է, որ ֆիլմն արել է անկեղծ, և նկարահանվել է աշխարհի, ոչ թե միայն հայերի համար: