9 հուլիսի 2012 - 15:10 AMT
«Ոսկե ծիրանի» շրջանակներում Երևանում բացվել է Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը

Այսօր`հուլիսի 9-ին Երևանում բացվեց «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը:

«Արդեն ունենք հինգ ֆիլմ, մի քանիսը դեռ ընթացքի մեջ են: Նիկոլ Բեզչյանի ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա կինոփառատոնում: Այս աշխատանքներն ունեն արդյունքներ, և համագործակցությունն իր պտուղներն է տալիս:

Քաղաքականությունն, իհարկե, առնչվում է մեր աշխատանքների հետ, բայց մենք դրա վրա չենք կենտրոնանում և անում ենք մեր գործը»,-ներկաներին ողջույնի խոսքում ասաց «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության ներկայացուցչուհի Չիգդեմ Մաթերը: Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը կինոփառատոնի և «Անադոլու Քյուլթուր» կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է խթանել միջմշակութային երկխոսությունը Հայաստանի և Թուրքիայի միջև կինոյի ոլորտում: Այդ ծրագրի շրջանակներում մի քանի համատեղ ֆիլմեր են նկարահանվել, որոնք ներկայացվել են լայն հասարակությանը Հայաստանում և Թուրքիայում, ինչպես նաև Գերմանիայում, Ամերիկայի Միացիալ Նահանգներում և այլուր: Աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են փետրվարի կեսից: Հայտերի ընդունման հայտարարությունը տարածվել էր ցանցով: Մինչև ապրիլի սկիզբը 25 կարճամետրաժ, վավերագրական և լիամետրաժ խաղարկային ժանրերի հայտ է ընդունվել: Այդուհետ հայ և թուրք կինոմասնագետներից բաղկացած նախընտրական հանձնաժողովն ընտրեց 10 կինոնախագիծ` յուրաքանչյուր երկրից 5-ը:

Լավագույն կինոնախագծին կտրամադրվի 10.000 դոլար գումար: