10 հուլիսի 2012 - 14:30 AMT
«Ոսկե ծիրան». «Եթե բոլորը» ֆիլմի ռեժիսորը շատ է ուզում, որ այն ցուցադրվի Ադրբեջանում

Նատալյա Բելյաուսկենեյի «Եթե բոլորը» ֆիլմի առջև մեծ ճանապարհներ են բացվել Մոսկվայի միջազգային կինոփառատոնից հետո: Այդ մասին մամլո ասուլիսի ժամանակ ասաց ֆիլմի պրոդյուսեր Միքայել Պողոսյանը:

Այժմ ֆիլմը մասնակցում է «Ոսկե ծիրան» 9-րդ երևանյան միջազգային կինոփառատոնին:

Ֆիլմի հերոս Գուգոն ստիպված է հանդիպել իր անցյալին, ընկերներին, որոնց հետ 20 տարի առաջ դուրս եկավ պայքարի` հանուն իրենց իդեալների պաշտպանության: Այդ ժամանակից ի վեր նրանց ուղիները բաժանվել են, բայց ռուս զինվորի և հայուհու դուստը, որի մայրը Սումգայիթի ջարդերի զոհ է դարձել, և հանուն նրա հիշատակի ամուսինը կամավորագրվել է արցախյան պայքարին, նրանց մեջ վաղուց մոռացված զգացմունքներ կարթնացնի: Նրանք կհամատեղեն ջանքերը, որպեսզի օգնեն իրենց ընկերոջ աղջկան, միասին փորձություններ ու արկածներ կանցնեն` հասկանալով, որ իրենց կյանքն իսկապես իմաստ է ունեցել, և իրենց տնկած կեչին կյանքի խորհրդանիշ է և ոչ միայն հանգուցյալների հիշատակի բեռ:

«Հայաստանի հետ ծանոթությունս սկսվել է Արցախյան հերոսամարտին մասնակցած ազատամարտիկների հետ ծանոթությունից:

Ես խուսափեցի օգտագործել թերթեր և տպագիր նյութեր»,-ասաց ֆիլմի ռեժիսոր:

Բելյաուսկենեն ծանոթացել է Միքայել Պողոսյանի և Արմեն Ջիգարխանյանի հետ Մինսկում` գարեջրի գովազդի նկարահանման ժամանակ: Այդտեղից էլ սկսվել է նրա ծանոթությունը Հայաստանի հետ:

«Ես կերազեի, որ այն ցուցադրվի Ադրբեջանում: Այն խաղաղասիրական ֆիլմ է: Ֆրանսիայում ցուցադրվելուց հետո մի ադրբեջանցի վեր կացավ, և անարդարացի համարեց ֆիլմը, վատ ընդունեց: Շատ եմ ցանկանում, որ ֆիլմը չքաղաքականացվի:

Ֆիլմը մարդկանց մասին է»,-ասաց ռեժիսորը: