11 հուլիսի 2012 - 11:51 AMT
Նոյեմբերյանում դեղձի աննախադեպ հարուստ բերք է սպասվում

Խորհրդային տարիներից ի վեր, երբ Նոյեմբերյանը համարվում էր դեղձի արտադրության առաջամարտիկը Հայաստանում, ընթացիկ տարում առաջին անգամ Տավուշի մարզի այս տարածաշրջանը կրկին հավակնում է իր նախկին համբավին:

Երեկ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարախպետյանը, մարզպետ Արմեն Ղուլարյանի և մի շարք համայնքապետերի հետ Պտղավան կատարած այցի ժամանակ, անձամբ համոզվեց դրանում, հայտնում է գյուղնախարարության մամլո ծառայությունը:

Տարիներ առաջ ոչնչացված այգիների տեղում կրկին հիմնված դեղձենու երիտասարդ այգիները առաջին անգամ աննախադեպ ու հարուստ բերք են խոստանում: Ինչպես տեղեկացրին նախարարին , սպասվող բերքը 4000 տոննայից ավելի է: Նման բերք նոյեմբերյանցիները ստացել են տասնամյակներ առաջ, ուստի մտահոգություններ ունեին վերջինիս իրացման հարցերի վերաբերյալ:

Նախարարը խոստացավ ըստ ամենայնի օժանդակել նրանց արտահանումների կազմակերպման և վերամշակող ձեռնարկությունների կողմից դեղձի մթերման անհրաժեշտ ծավալների ապահովման հարցերում: