11 հուլիսի 2012 - 15:55 AMT
Էջմիածնում քննարկվել են կրոնական տուրիզմի հարցեր

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում հուլիսի 10-ին տեղի է ունեցել քննարկում «Ս. Էջմիածինը կրոնական տուրիզմի և մշակութային ուղիների խաչմերուկում» խորագրի շուրջ:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հաղորդմամբ, քննարկմանը Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, անդրադառնալով Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացման անհրաժեշտության խնդրին` կարևորել է նման սեմինարների անցկացումը` ընդգծելով, որ դրանք այսուհետ շարունակական բնույթ են կրելու:

Նա ներկայացրել է նաև այս ուղղությամբ Մայր Աթոռի կողմից գործադրվող ջանքերը, որպեսզի իր հարկի ներքո ուխտավորները և զբոսաշրջիկները կարողանան լավագույնս հաղորդ դառնալ հայ ժողովրդի ազգային և հոգևոր արժեքներին:

Այնուհետև ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Մայր Աթոռին` տուրիզմի կարևորագույն ճյուղի զարգացմանը բերվող նպաստի համար` նշելով, որ նման հանդիպումները նաև ավելի են ամրապնդում Մայր Աթոռի և այդ ոլորտում ներգրավված ընկերությունների համագործակցությունը:

Քննարկվող թեմայի շուրջ բանախոսություն է ներկայացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյանը: Տեր Հայրն իր խոսքում համառոտ անդրադարձ է կատարել Մայր Աթոռի հոգևոր գանձերին, որոնք դարեր շարունակ դեպի իրենց են ձգել տարբեր երկրներից Հայաստան ժամանած բազմաթիվ ուխտավորների և օտարերկրացի ճանապարհորդների:

Քննարկումն ամփոփել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Նա քննարկումը նկատել է որպես Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացմանն ուղղված կարևոր և առաջընթաց քայլ, իր խոսքում անդրադառնալով նաև ուխտավորների համար համապատասխան պայմանների ապահովման անհրաժեշտությանը: