12 հուլիսի 2012 - 19:50 AMT
Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդ. Այժմ մենք ապրում ենք ցեղասպանության 3-րդ փուլը` մշակութային ցեղասպանություն

1894-1923 թվականների արյունոտ տարեթվերը շրջադարձային էին և արյունոտված ու հրե տառերով դաջված են հայության ազգային հիշողության մեջ: Հայերի ցեղասպանության շուրջ բանավեճերը չեն դադարում մինչև հիմա: Այս մասին Ժնևում կայացած Արևմտյան Հայաստանի հայերի ասամբլեայի կոնֆերանսի ժամանակ ասել է ՄԱԿ-ում Արևմտյան Հայաստանի Հայերի Ասամբլեայի պատվիրակության ղեկավար Արմենակ Աբրահամյանը:

«Սակայն հիմա մենք ապրում ենք ցեղասպանության երրորդ փուլը` մշակութային ցեղասպանությունը: 2005 թվականի դեկտեմբերին ադրբեջանական բանակը ոչնչացրեց Ջուլֆայի միջնադարյան գերեզմանոցը Նախիջեւանում, բաղկացած` 10-րդ դարի ավելի քան 5000 տապանաքարերից»,-ասել է Աբրահամյանը:

Ըստ նրա, այսօր մենք նկատում ենք, որ մեր անցած տարվա ելույթից հետո Թուրքիան ջանքեր է գործադրում վերականգնելու եւ վերադարձնելու հայկական ժառանգության որոշ խորհրդանիշներ, «նույնիսկ, եթե դրանք ընդամենը կաթիլներ են օվկիանոսում, որովհետեւ, ցավոք, բազմաթիվ են սրբազան տարածքների յուրացման փաստերը, առանց մեր Ազգային Խորհրդի` ազատ, նախօրոք եւ գիտակցված համաձայնության»:

Այս կապակցությամբ նա հիշեցրել է Անի քաղաքի` Արևմտյան Հայաստանի միջնադարյան մայրաքաղաքի, հետ կապված իրավիճակը և համաձայնություններն ու իրավարար վճիռները չհարգելու մասին, որոնք պետք է որ պարտադիր լինեին բոլոր պետությունների համար:

«Ճիշտ այդպես, Դիարբեքիր քաղաքում թուրքական իշխանությունները հետապնդում են մեր մտավորականներին ամենշաբաթյա հայերեն լեզվի դասեր անցկացնելու համար, որը ոչնչացման եզրին է: Այսինքն, այս մոլորակի վրա դեռ կան վայրեր, որտեղ բնիկների լեզուների ուսուցանումը, լինի դա հայերեն, քրդերեն, հունարեն, արաբերեն կամ ասորերեն, օրենքի խախտում է համարվում: Այն դեպքում, երբ այդ լեզուները, իրականում, բազմազգ աշխարհի արժեքներն են»,-նկատել է Աբրահամյանը:

«Այդ դեպքում մենք ինչպե՞ս հավատանք, որ Սիրիայից հայ, ասորի, արաբ և քուրդ փախստականները Թուրքիայում պաշտպանություն կունենան, երբ նրանց լեզուների ուսուցանումը իշխանությունների կողմից դիտվում է, որպես քրեորեն պատժելի փաստ: Ինչպե՞ս կարող ենք մենք հավատալ, որ Սիրայում ընթացող պատերազմի նպատակն է ազատագրել և ժողովրդավարացնել սիրիական հասարակությունը, երբ ներկայիս ռազմական օդուժը և նրանք, որ կոչված են պատերազմելու, մեր երեխաներին են հետապնդում Արևմտյան Հայաստանում և Քուրդիստանում»,-հայտարարել է Աբրահամյանը: