13 հուլիսի 2012 - 20:36 AMT
Հայաստանի նախագահը շնորհավորել ֆրանսիացիներին հուլիսի 14-ի ազգային տոնի կապակցությամբ

Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Հանրապետության նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորել է դեսպան Անրի Ռենոյին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին: Այս մասին հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

Նախագահ Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ:

«Ջերմորեն շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և ֆրանսիացի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի` Հուլիսի 14-ի առթիվ: Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության վրա խարսխված Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, սերտ փոխգործակցությունը երկկողմ ձևա-չափով, եվրոպական կառույցների շրջանակներում և միջազգային ասպարեզում, ինչպես նաև տարբեր ոլորտներում հաստատված տնտեսական սերտ կապերը, միջխորհրդարանական և ապակենտրոնացված արդյունավետ համագործակցությունն ավելի կամրապնդվեն և նոր լիցք կստանան՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամության խորացման»,-ընդգծել է Սարգսյանը:

ՀՀ նախագահը նաև շնորհակալություն է հայտնել այն կարևոր առաքելության համար, որ իրականացնում է Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ի նպաստ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, կայունության, անվտանգության և համագործակցության հաստատման: