14 հուլիսի 2012 - 16:33 AMT
Հայաստանում դատապարտված 12 իրանցիները պատժի մնացած մասը կկրեն Իրանում

Արդարադատության նախարարը որոշում է կայացրել իրենց հետագա պատիժը կրելու նպատակով ԻԻՀ տեղափոխվելու ցանկություն հայտնած 12 դատապարտյալի Իրանի Իսլամական Հանրապետություն փոխանցելու մասին:

Ինչպես հայտնում է արդարադատության նախարարության լրատվական ծառայությունը, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Աբովյան» ՔԿ հիմնարկներում պատիժը կրող Իրանի Իսլամական Հանրապետության 12 քաղաքացու փոխանցումը (11 տղամարդ և մեկ կին) ԻԻՀ՝ հետագա պատիժը Իրանում կրելու նպատակով իրականացվել է հուլիսի 10-ին:

Փոխանցումն իրականացվել է բարի կամքի դրսևորմամբ՝ փոխադարձության հիման վրա՝ հիմք ընդունելով ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության հայտագիրը, ինչպես նաև՝ ՀՀ արդարադատության նախարարի և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը:

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև գործում են 2006թ. հուլիսի 5-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև քաղաքացիական և քրեական գործերով իրավական համագործակցության մասին» և «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև հանձնման մասին» համաձայնագրերը: Ներկայումս շարունակվում է բանակցային գործընթացը դատապարտյալների փոխանցումը կարգավորող միջազգային պայմանագրի նախագծի ստորագրման ուղղությամբ:

Պատժի մնացած մասը կրելու նպատակով ԻԻՀ փոխանցված դատապարտյալները ՀՀ դատարանների կողմից դատապարտվել էին ազատազրկման ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ (Մաքսանենգություն), 268-րդ (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) և 266-րդ (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն՝ իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) հոդվածներով նախատեսված արարքներ կատարելու համար: