ՀՀ ԿԱ ՊԵԿ և ԼՂՀ ԿԱ ՀՊԾ ղեկավարները Ստեփանակերտում ստորագրել են 2012-14 թթ. գործակցության միջոցառումների ծրագիրը: Այս մաիսն PanARMENIAN-ին հայտնում է ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Գործակցության ծրագիրը ստորագրվել է օրերս ՊԵԿ-ի պատվիրակության Ստեփանակերտ աշխատանքային այցի շրջանակում:
Երկու կառույցների ղեկավարներն ընդգծել են, որ գործակցությունը կշարունակվի միջոցառումների ընդլայնված շրջանակով:
Նախատեսվում են հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասով օրենսդրության և վարչարարական փորձի ուսումնասիրության և փոխառության նպատակով մասնագետների և աշխատանքային խմբերի փոխադարձ այցելություններ, Լեռնային Ղարաբաղի հարկային պետական ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործում համակողմանի օժանդակության ցուցաբերում, ինչպես նաև ՊԵԿ-ի և ՀՊԾ-ի միջև էլեկտրոնային եղանակով տեղեկատվության փոխանակման հնարավորություների զարգացում, հսկողության իրականացում, իրավախախտումների բացահայտում և կանխարգելում:
Արցախի ՀՊԾ-ի անձնակազմի մասնագիտական պատրաստվածության բարձրացման նպատակով նախատեսվում է մասնագետների ներգրավումը ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կողմից կազմակերպվող դասընթացներին: Եռամյա համագործակցության ընթացքում կոմիտեն կշարունակի օժանդակությունը ԼՂՀ հարկային դաշտի վերաբերյալ տեղեկատվական նյութերի, ձեռնարկների պատրաստման, ինչպես նաև «Հարկատու» եռամսյակային պարբերականի հրապարակման գործում:
Այցի ընթացքում ամփոփելով 2009-11թ.թ. եռամյա գործակցության ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքներն, ընդգծվել է, որ հաջողվել երկու կառույցների աշխատանքային խմբերի, մասնագետների փոխադարձ այցելություններ կազմակերպել, որոնց ընթացքում քննարկվել են բարելավվումներին ուղղված հարցեր:
ՊԵԿ մասնագետների կողմից ծրագրի շրջանակում միաժամանակ պարբերաբար մեթոդաբանական օժանդակություն է ցուցաբերվել դատաիրավական, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում:
Այցի ընթացքում ՊԵԿ նախագահը Գագիկ Խաչատրյանը հանդիպել է նաև Արցախի գործարարներին: Նրանք քննարկվել են ՀՀ տարածքով կամ ՀՀ մաքսային սահմանով ներմուծման-արտահանման գործարքներ իրականացնելու ընթացքում ծագող խնդիրները:
Պետական եկամուտների կոմիտեի և Լեռնային Ղարաբաղի հարկային պետական ծառայության միջև համագործակցությունը սկիզբ է դրվել երկու կառույցների ստեղծման առաջին իսկ օրվանից: Համագործակցության շրջանակում պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ ինչպես ղեկավար կազմի, այնպես էլ աշխատանքային խմբերի միջև: