17 հուլիսի 2012 - 12:27 AMT
ԱԳ փոխնախարար. ԵՄ հետ վիզաների դյուրացման պայմանագիրը շուտով կվավերացվի

Հայաստանը ԵՄ-ի հետ ավարտել է մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացման պայմանագրի վերաբերյալ բանակցությունները: Այս մասին այսօր Ազգային անվտանգության խորհրդի Հայաստան-ԵՄ միջգերատեսչական հանձնաժողովի նիստին, ամփոփելով կիսամյակային տվյալները, ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը:

Մնացականյանը նշեց, որ բանակցային գործընթացն արդեն ավարտված է, այս շաբաթ պայմանագիրը պետք է ներկայացվի ԵՄ անդամ պետություններին, շուտով այն կվավերացվի և ուժի մեջ կմտնի. «Զգալի փոփոխություններ կլինեն քաղաքացիների համար թե փաստաթղթերի ներկայացման առումով, թե ավելի մատչելի կլինի, իսկ որոշ մասի համար էլ անվճար, հնարավոր կլինի նաև ստանալ բազմակի վիզաներ»:

Մնացականյանն ասաց, որ մուտքի արտոնագրերի տրամադրման դյուրացումը վիզաների ոլորտում մեծ փուլի մի մասն է միայն և այժմ աշխատանքներ են տարվում վիզաների լիբերալիզացման ուղղությամբ: