17 հուլիսի 2012 - 12:49 AMT
Ահարոն Ադիբեկյան. Բակո Սահակյանը կհաղթի ընտրությունների առաջին փուլում քվեների 75 տոկոսով

Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանը կհաղթի նախագահական ընտրությունների առաջին փուլում քվեների 75 տոկոսով, գտնում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի նախագահ Ահարոն Ադիբեկյանը: «Երկրորդ տուր չի լինի:

Մենք ակնկալում ենք, որ առաջին տուրում մեծ առավելությամբ կհաղթի գործող նախագահ Բակո Սահակյանը»,-հայտարարել է նա Երևանում կայացած մամլո ասուլիսում:

Ըստ Ադիբեկյանի, մոտ 20 տոկոս կհավաքի Սահակյանի գլխավոր մրցակից Վիտալի Բալասանյանը, ևս 5 տոկոս՝ Արկադի Սողոմոնյանը:

Սոցիոլոգը հավելել է, որ Բալասանյանի գլխավոր սխալը, որի պատճառով նա չի կարող լուրջ մրցակից լինել Սահակյանին, այն է, որ նա ծայրահեղական դիրքորոշում է որդեգրել՝ հայտարարելով, թե այս տարիներին Արցախում ոչ մի առաջընթաց չի եղել:

Նախագահական ընտրություններն Արցախում կանցնեն հուլիսի 19-ին: