6 նոյեմբերի 2004 - 17:11 AMT
ՁՄՌԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՊԱՀՈՎՎԱԾ ԿԼԻՆԻ ԳԱԶՈՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՖՈՐՍ-ՄԱԺՈՐԱՅԻՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ
«Նույնիսկ ֆորս-մաժորային հանգամանքների դեպքում ձմռանը Հայաստանի բնակչությունը ապահովված կլինի գազով` ստորգետնյա գազի պահեստարաններում մենք ունենք երկնագույն վառելիքի բավարար ծավալ»,-հավաստիացրել է «Ռեգնում» գործակալության թղթակցին «Հայռուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ Կարեն Կարապետյանը: Նրա խոսքերով, զուգահեռ աննախադեպ աշխատանքներ են տարվում հանրապետության գազիֆիկացման ուղղությամբ: «Եթե մեզ հաջողվի աշխատել նույն ռիթմով, ապա 2007-2008 թթ. Հայաստանի գազիֆիկացումը լիովին կավարտվի, իսկ բաժանորդների քանակը կգերազանցի խորհրդային շրջանի նմանատիպ ցուցանիշը»,-տեղեկացրել է Կարապետյանը: Նշենք, որ հայկական շուկա գազ է առաքում «Գազպրոմ» ընկերությունը, իսկ Իրան-Հայաստան գազատարի շահագործումը սկսելուն պես հանրապետությունում կհայտնվի գազամատակարարման այլընտրանքային աղբյուր: