18 հուլիսի 2012 - 14:49 AMT
Ադրբեջանցիներն անհաջող դիվերսիայից հետո փախել են՝ թողնելո՞վ վիրավոր զինակցին

Հուլիսի լույս 16-ի գիշերը ադրբեջանցիները վերջապես գտել են իրենց զինվոր Էլչին Օրուջևի դին, որի վիրավորվելու մասին հայտարարվել էր ավելի վաղ: Ինչպես ասվում է, Օրուջևի մարմինը հայտնաբերվել է չեզոք տարածքում՝ ճակատային գծի Թովուզի ուղղության վրա: Գյանջայում հետազոտելուց հետո, մարմինը կհանձնվի ընտանիքին: 21-ամյա զինծառայողին կթաղեն հայրենի գյուղում՝ Տերտերի շրջանի Սեյդիմլի գյուղում:

PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարոըթյան մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Պն-ում այդ հաղորդագրությունը չեն մեկնաբանում՝ հավելելով, որ հայկական կողմը չի խախտել հրադադարի ռեժիմը: «Մենք ասել ենք, որ ռեժիմի խախտում մեր կողմից չի եղել: Այս դեպքի վերաբերյալ մեկնաբանություն չկա: Ադրբեջանցի զինվորը հայտնի չէ, թե ինչից է մահացել`գուցե մոլորվել է, կամ վիրավորվել ականի վրա»,-ասել է նա:

Կա նաև այլ վարկած, որի համաձայն Օրուջևը կարող էր չմահանալ, եթե հուլիսի 15-ին հայերի դեմ ձեռնարկված հերթական անհաջող դիվերսիայից հետո «քաջաբար» փախչող ադրբեջանցիները «չմոռոնային» իրենց վիրավոր զինակցին:

Ըստ ոչ պաշտոնական տվյալների, ադրբեջանցիներն պարբերաբար կարող են վիրավոր ընկերոջը դաշտում կամ անհաջող դիվերսիայի վայրում թողնել ու գնալ: Զինվորը կարող է մոլորվել, ականի վրա պայթել: Սակայան, ոչ մի անգամ նրանք չեն դիմել հայկական կողմին՝ «մոռացված» զինակիցներին իրենց փոխանցելու խնդրանքով: