8 նոյեմբերի 2004 - 16:46 AMT
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ԲԱՔՈՒՆ ՄԵՐԺՈՒՄ Է ԵԱՀԿ ՄԽ ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ «ԳՐԱՎՅԱԼ» ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ադրբեջանը մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի քննադատությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 59-րդ նստաշրջանում «Ադրբեջանի գրավյալ տարածքներում տիրող վիճակի» քննարկման առնչությամբ: Ինչպես հաղորդում է Day.az-ը, այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, Ադրբեջանը ավելի վաղ հրավիրել է ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի եւ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը այս հարցի վրա: «Հնարավոր է, որ Ադրբեջանը առաջ քաշի բանաձեւի նախագիծ, իսկ հնարավոր է, որ ձեռնարկի այլ միջոցներ»,-ասել է Արազ Ազիմովը: Նրա խոսքերով, Մինսկի խմբի համանախագահները լավ տեղեկացված են «գրավյալ» տարածքներում տիրող իրավիճակի մասին: Նախարարը նաեւ կոչ է արել համանախագահներին ակտիվացնել իրենց գործունեությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: