20 հուլիսի 2012 - 11:55 AMT
ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ճանաչում ընտրություններն Արցախում, սակայն ըմբռնումով է վերաբերվում դրանց

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովն (Ռուսաստան) ու Ժակ Ֆորը (Ֆրանսիա) հանդես են եկել հայտարարությամբ Արցախում կայացած նախագահական ընտրությունների կապակցությամբ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ համանախագահները հասկանում են, որ դե-ֆակտո ԼՂՀ իշխանությունները պետք է կազմակերպեն բնակչության ժողովրդավարական կյանքը նման ընթացակարգերի միջոցով: Սակայն, ասվում է փաստաթղթում «ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ երկրները, ինչպես և մյուս երկրները, չեն ճանաչում Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն»:

Միջնորդները նշել են, որ «հուլիսի 19-ի ընթացակարգը ոչ մի կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների արդյունքները»:

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալների, նախագահական ընտրություններում մեծ առավելությամբ հաղթել է գործող նախագահ Բակո Սահակյանը, որը հավաքել է 47 085 ձայն կամ քվեների 66,7 տոկոսը:

Սահակյանի գլխավոր մրցակից, Արցախի Աժ պատգամավոր, ԼՂՀ Պն նախկին տեղակալ Վիտալի Բալասանյանը հավաքել է 22 966 ձայն կամ 32,5 տոկոս:

Հայաստանի Պետական ագրարարային համալսարանի Ստեփանակերտի բաժանմունքի պրոռեկտոր Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն կամ քվեների 0,8 տոկոսը: 2007թ. նախագահական ընտրություններում Բակո Սահակյանը հավաքել էր ձայների 85,12 տոկոսը: