20 հուլիսի 2012 - 12:14 AMT
Հրանտ Բագրատյան. Արցախում կայացած ընտրությունները պետք է օրինակ ծառայեն շատ երկրների համար

Ղարաբաղում չկա նախընտրական կաշառք հասկացություն, մրցակիցները մրցակցել են ազնիվ պայքարում: Այդ մասին Ստեփանակերտում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանը:

Նա ասել է, որ ԱԺ դիտորդները եղել են ԼՂՀ ընտրատեղամասերում և ոչ մի բողոք չեն լսել: «Մենք գտնում ենք, որ այստեղ կայացած նախագահական ընտրությունները պետք է օրինակ ծառայեն շատ երկրների համար»,-ասել է Բագրատյանը՝ հավելելով, որ ոչ մի տեղամասում բողոքներ չեն եղել ընտրակարգի խախտման վերաբերյալ: Իր հերթին «Ազատ դեմոկրատներ» խմբակցության անդամ Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ ԼՂՀ-ում չկան այնպիսի հասկացություններ, ինչպիսք են «սև փիարն» ու քաղաքական խաղերը:

Ըտս ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի, ընտրությունները ցույց տվեցին, որ Արցախի ժողովուրդը ճիշտ ուղու վրա է և դրա ապացույցը ընտրություններն են, որոնք ամեն տարվա հետ առավել կազմակերպված են անցնում: Ռուստամյանը նշեց, որ միջազգային դիտորդների ներկայությունն ասում է այն մասին, որ միջազգային կառույցները շահագրգռված են, որ Արցախում անցնեն ազատ և ժողովրդավարական ընտրություններ: «Այն երկրները, որոնք այս կամ այն պատճառով չեն ցանկանում ճանաչել Արցախի անկախությունը, վաղ թե ուշ կանեն դա և նույնիսկ կափսոսեն, որ ուշացել են: ԼՂՀ-ում տեղի ունեցած ընտրությունները նաև օրինակ են մյուս չճանաչված պետությունների համար: Արցախի ժողովուրդը վստահ գնում է իր ճանապարհով և ոչինչ չի ստիպի նրան շեղվել այդ ճանապարհից»,-գտնում է Արմեն Ռուստամյանը: