20 հուլիսի 2012 - 17:13 AMT
ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ ամեն ինչ արվում է սիրիահայերի անվտանգությունն ապահովելու համար

Հայաստանի ղեկավարությունը ոչ միայն ուշադրությամբ հետևում է Սիրիայում իրադարձությունների զարգացմանը, այլ նաև համապատասխան քայլեր է ձեռնարկել և ձեռնարկում տարբեր մակարդակներով և ուղղություններով: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը՝ մեկնաբանելով իրավիճակի սիրումը Սիրիայում և սիրիահայերին սպառնացող վտանգները:

Նա նշել է, որ գործադրվող ջանքերն առաջին հերթին ուղղված են սիրիահայության անվտանգության, հայ համայնքի բնականոն կենսագործունեության ապահովմանը, պատմամշակութային ժառանգության պահպանմանը, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:

«Սա այն դեպքերից է, երբ այդ ջանքերի հրապարակային բարձրաձայնումը կարող է նպաստավոր ազդեցություն չունենալ դրանց արդյունավետության վրա, ուստի ես ձեռնպահ կմնամ դրանք մանրամասնելուց:

Կարող եմ հավելել, որ միջազգային շփումների ժամանակ այս հարցերը գտնվում են երկրի ղեկավարության ուշադրության կենտրոնում:

Համայնքային կառույցների հետ մշտական կապ է պահպանվում Հայաստանից պարբերաբար այցելող հատուկ բանագնացների, Դամասկոսում ՀՀ դեսպանության և Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության միջոցով:

Ակնհայտ է, որ Սիրիայում իրավիճակը բավականին բարդ է: Առանց անզգույշ, հուզական հայտարարությունների և շահարկումներին տեղիք տալու, հետևելով զարգացումներին, անհրաժեշտության դեպքում, հնարավորության սահմաններում, կձեռնարկվեն լրացուցիչ քայլեր»,-ասել է Սերգեյ Մանասարյանը: