20 հուլիսի 2012 - 18:04 AMT
Ոստիկանությունը կմիջնորդի կալանավորելու պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն

ՀՀ ոստիկանությունը միջնորդելու է կալանավորել Արտակ Գևորգյանին` պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդուն: Այդ մասին այսօր ոստիկանությունում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ոստիկանության քննչական գլխավոր վարչության պետ Գագիկ Համբարձումյանը:

Նա նշեց, որ քանի որ այսօր ավարտվում է ձերբակալման ժամկետը, այսօր էլ կներկայացվի կալանքի միջնորդությունը: Հուլիսի 18-ին` ժամը 03.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից Արմավիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 25-ամյա Վիրաբ Ա.-ն և հայտնել, որ անհայտ անձը զենքի սպառնալիքով առևանգել է իր «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ 30-ամյա Արտակ Գևորգյանը նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի մոտ իջնելով իր վարած «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենայից՝ ատրճանակի սպառնալիքով կանգնեցրել է Վիրաբ Ա.-ի «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան և իջեցնելով վերջինիս ու նրա ուղևորին ու թողնելով «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենան` «ՎԱԶ 2106» ավտոմեքենայով հեռացել էր: Արտակ Գևորգյանը ձերբակալված է:

Ոստիկանության Արմավիրի մարզային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի 1-ին մասի, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: