20 հուլիսի 2012 - 21:24 AMT
Բաքուն ԵԱՀԿ ՄԽ մեղադրում է երկերեսանիության և կեղտոտ քաղաքականություն վարելու մեջ. ՄԽ կրկին լռելու՞ է

Ադրբեջանին դուր չեն եկել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունները` կապված Արցախի նախագահական ընտրությունների հետ: Իրենց հայտարարություններում միջնորդները, մասնավորապես, ընդգծել են, որ հասկանում են Լեռնային Ղարաբաղի «դե-ֆակտո» իշխանությունների կողմից նման գործընթացների միջոցով բնակչության ժողովրդավարական կենցաղի կազմակերպման անհրաժեշտությունը: Սակայն հավելել են, որ «ԵԱՀԿ ՄԽ երեք համանախագահ-երկրներ, ինչպես և մյուս երկրները, չեն ճանաչում Ղարաբաղը որպես անկախ և ինքնիշխան պետություն»:

Միջնորդները նաև ընդգծել են, որ «հուլիսի 19-ին կայացած գործընթացը որևէ կերպ չի կանխորոշում Լեռնայի Ղարաբաղի իրավական կարգավիճակը կամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ընթացիկ բանակցությունների արդյունքները»:

Մեկնաբանելով տվյալ հայտարարությունը` ադրբեջանցի քաղաքագետ, նախկին պետական խորհրդատու Վաֆա Գուլուզադեն մեղադրել է համնախագահներին երկերսանիության մեջ: Ուշադրություն դարձնելով նրան, որ Լեռնային Ղարաբաղի ընտրություններում դիտորդների մեծ մասը Ռուսաստանի ներկայացուցիչներ էին` քաղաքագետը հայտարարել է, որ «սա հերթական անգամ ապացուցում է Կրեմլի բարյացկամ վերաբերմունքը հայկական կողմի նկատմամբ»: «Ադրբեջանի օկուպացված տարածքներում ՌԴ Պետդումայի ներկայացուցիչների մասնակցությունը ընտրություններին` հերթական անգամ ապացուցում է, որ Ռուսաստանը ոչ թե համանախագահ է, այլ հակամարտության անմիջական մասնակից` Հայաստանի կողմից»,-ամփոփել է նա:

Մեկ այլ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն համանխագահների հայտարարությունում որևէ զարմանալի բան չի տեսնում: «Նրանց հայտարարությունը ցույց տվեց այն կեղտոտ քաղաքականությունը, որը վարում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրները: Իսկ ի՞նչ էիք ակնկալում»,-հարց է առաջադրում քաղաքագետը, հաղորդում է Vesti.az: Ըստ նրա, համանախագահ-երկրները սեփական շահերն են հետապնդում, այլ ոչ թե հոգում են արդարության վերականգնման մասին:

Իր հերթին Միլլի Մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլլազադեն կարծում է, որ «տվյալ հայտարարությունը ցույց է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի ձախողված քաղաքականությունը»: «Իսկ ձախողումը պայմանավորված է, նախ և առաջ, իրավական նիհիլիզմով, հիմնարար փաստաթղթերի նկատմամբ սխալ վերաբերմունքով: Այս հայտարարությունը զառանցանք է, որը հակասում է միջազգային իրավունքին»,-եզրափակել է Մոլլազադեն:

Հարկ է նշել, որ ԵԱՀԿ ՄԽ հասցեին նման վիրավորական հայտարարությունները Ադրբեջանում առաջին անգամ չէ, որ հնչում են:

Սկայն ոչ մի համարժեք պատասխան այդ վիրավորանքներին համանախագահների և նրանց ներկայացրած երկրների կողմից սովորաբար չի տրվում: Կամ ելնելով «թույլերից և հիվանդներից չեն նեղանում» սկզբունքից, կամ էլ միայն իրենց հայտնի շահերից, այնտեղ գերադասում են դիվանագիտորեն լռել: Կամ էլ պարզապես գիտեն, որ Բաքվին հեշտ է գնել և վերջինս կսկսի կրկին իր հավանությունն արտահայտել Մինսկի խմբի նկատմամբ, երբ որևէ բան կասվի ի նպաստ ադրբեջանական կողմի: Այդ պատճառով էլ մեկը մյուսի ետևից դառը հաբեր են կուլ տալիս: