21 հուլիսի 2012 - 13:34 AMT
Գևորգ Մելքոնյան. Ոչ ոք կասկածի տակ չի առել ԼՂՀ նախագահական ըտրությունների լեգիտիմությունը

Պատմաբան Գևորգ Մելքոնյանը հուլիսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունները լուսաբանել են մոտ 50 արտասահմանյան լրատվամիջոցներ և ներկա են եղել 80-ից ավելի դիտորդներ:

«Միջազգային մամուլում նշվել է ԼՂՀ նախագահական ընտրություններ, և ոչ թե Ղարաբաղի համայնքի նախագահի ընտրություններ, ինչպես դա արվում էր նախկինում: Բոլոր դիտորդներն էլ արձանագրել են, որ ընտրություններն եղել են ազատ և ժողովրդավարական: Ոչ ոք կասկածի տակ չի առել ըտրությունների լեգիտիմությունը, ինչը շատ կարևոր է»,- ասաց Մելքոնյանը:

Պատմաբանի խոսքով, նախորդներից տարբերվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը, որը հստակորեն արձանագրում է, որ ընդունում է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

«Այսինքն միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղը չճանաչվելով որպես անկախ պետություն`ճանաչվում են այնտեղ ընթացող ժողովրդավարական գործընթացները: ԼՂՀ ճանաչումը ժամանակի խնդիր է: Ռուսաստանի ներկայացուցիչը մի շատ կարևոր դիտարկում է արել, ըստ որի, ի տարբերություն Կոսովոյի, ԼՂՀ-ն ավելի ամուր պետականության հիմքեր ունի և ավելի շատ հիմքեր ունի ճանաչվելու, որպես անկախ պետություն»,- ավելացրեց նա: