«Սիրիայի հայկական համայնքը շատ կազմակերպված է և սրա ապացույցն այն է, որ առ այսօր նրա դեմ գործողություններ չկան: Համայնքը կարողացել է պահպանել չեզոք դիրք և ցանկանում է երկրում խաղաղություն պահպանել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:
Նրա խոսքով, սիրիահայերի ներհոսքը Հայաստան մասնավոր դեպք է, և այս փուլում ամբողջովին վերաբնակեցում չկա. «Սիրիայի հայկական համայնքը պետք է պահպանել: Այս պահին շատ երկրներ ցանկանում են Մերձավոր Արևելքում ներկայացուցիչներ ունենալ, իսկ 23- միլիոնանոց Սիրիայում 60 հազար հայեր եղանակ են ստեղծում, ու պետք է անել ամեն ինչ, որպեսզի նրանք չցրվեն աշխարհով մեկ»:
Պետրոսյանը ավելացրեց, որ սա լավ են հասկանում նաև հայաստանյան իշխանությունները և համապատասխան քայլեր են ձեռնարկում:
«Ես մասնավոր տեղեկություններ ունեմ, որ Հայաստանից Սիրիա բանագնացներ են մեկնում ու հանդիպումներ են ունենում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Մի քանի օր առաջ այնտեղ է եղել նաև Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը, որը նախկինում Սիրիայում աշխատել է որպես ՀՀ դեսպան»,- նշեց Պետրոսյանը:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանը ավելացրեց, որ ոչ բոլոր սիրիահայերը կգան Հայաստան: «Շատերը կմնան Սիրիայում և կշարունակեն իրենց կենսագործունեությունն այնտեղ նաև, ինչպես կանխատեսվում է, հետբաշարյան ժամանակաշրջանում»,- շեշտեց նա:
Բանագնացները կարծում են, որ սիրիահայերին անհրաժեշտ է բարոյական և հոգեբանական աջակցություն, նրանք պետք է զգան, որ իրնեց թիկունքում կա հայրենիք: Բացի այս, կարևոր է նաև ֆինանսական օգնությունը, օրինակ, ՀՕՖ-ը Սիրիայի հայկական վարժարանների պահպանման համար ֆոնդ է բացել և պետք է ֆինանսական աջակցություն ցույց տա այս օջախներին: «Սա համայն հայության խնդիրն է, քանի որ այսօր վտանգված է այս օղակի մի մասի անվտանգությունը»,- հավելեց Պետրոսյանը: