23 հուլիսի 2012 - 17:40 AMT
Արեշև. Բաքվի սպառազինումն առաջնային չէ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար

Ադրբեջանի սպառազինումը առաջնային չէ Ռուսաստանի արտաքին քաղաքականության կամ խոշոր ռուսական ընկերությունների, օրինակ, «Ռոսօբորոնէքսպորտի» համար: Այդ մասին հայտարարել է Երևանում քաղաքագետ, Սևծովյան և Կասպից ավազանի տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի աշխատակից Անդրեյ Արեշևը՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից զենքի վաճառքն Ադրբեջանին: «Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը ներառում է նաև այն ըմբռնունը, որ ռազմա-քաղաքական ռազմավարական բալանսի կտրուկ փոփոխությունը կվնասի նաև ՌԴ շահերին Հարավային Կովկասում, հետևաբար և Հյուսիսային Կովկասում ու այլ տարածշրջաններում»,-ասել է նա:

Արեշևը նշել է, որ ռազմական համագործակցությունը Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև այնպիսի համապարփակ բնույթ չի կրում, ինչպես հայ-ռուսականը:

Ըստ նրա, սպառազինության առաքումներով զբաղվում են առանձին ռուսական ձեռնարկություններ: «Հավատացեք, ռուսական կառավարությունը միշտ չէ, որ իրական ռեսուրսներ ունի, կանոնակարգելու համար առանձին տնտեսվարող օբյեկտների առևտրային գործունեությունը»,-ասել է Արեշևը:

Քաղաքագետը չի բացառել նաև, որ արևմտյան երկրները նույնպես առաջիկայում կզինեն Ադրբեջանին: Գուցե ԱՄՆ-ն դա ուղղակիորեն չանի, քանի որ որոշակի սահմանափակումներ կան, բայց կանի, օրինակ, Իսրայելի միջոցով: