16 նոյեմբերի 2004 - 18:43 AMT
ԵՎՐԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՇԱՀԵՐԸ
Հոլանդացի քրիստոնյա դեմոկրատ Քամիլ Իորլինգսի կողմից ներկայացրած ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու մասին զեկույցի քննարկման ժամանակ Եվրախորհրդարանի պատգամավորներն ավելի քան 500 ուղղում են առաջարկել զեկույցի առնչությամբ, որն առանց այն էլ բովանդակում էր բազմաթիվ պահանջներ եւ վերապահումներ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Ռադիկալ» թերթը, առաջարկությունները հիմնականում վերաբերում էին Կիպրոսից թուրքական ուժերի դուրս բերմանը, հայ-թուրքական սահմանի բացմանը եւ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանը երաշխավորելու միանշանակ անհնարինությանը: Բացի այդ, առաջարկվող ուղղումները վերաբերում էին նաեւ փոքրամասնություն կազմող շիաների իրավունքների պաշտպանմանը եւ վերջիններին պաշտոնական կարգավիճակ տալուն: Ադերբեջանում շիաներին համարում են ադրբեջանական էթնոսի մի մասը, քանի որ ադրբեջանցիների մեծամասնությունը թյուրքալեզու շիաներ են: Խոսքը գնում է հիմնականում թյուրքալեզու մահմեդական շիաների մասին, որոնք բնակվում են Թուրքիայի արեւելյան շրջաններում: Նրանց մի մասը (ղարափափախները) մնացել է Թուրքիայի կազմում` 1920 թվականին Թուրքիային նախկին Ղարսի մարզի միանալու արդյունքում: Չնայած թյուրքալեզու շիաները թուրքերից տարբերվում են արտաքինով` նրանցղ Թուրքիայում չեն ճանաչում որպես էթնիկ խումբ: Թուրքիայում շիաներին առանձնացնում են սունիթական մեծամասնությունից` ի հիշատակ պատմական թշնամության եւ հալածանքների: Հարյուր հազարավոր շիաներ 16-րդ դարում մի քանի օրվա ընթացքում ոչնչացվել են Անթալիայում սուլթան Սելիմի հրամանով: Հետագայում հալածանքները շարունակվել են, իսկ քեմալական գաղափարախոսությունը հրաժարվում է ճանաչել թյուրք-շիաների էթնիկ կարգավիճակը: