24 հուլիսի 2012 - 19:47 AMT
Օգոստոսի 18-ին դատարանը դռնփակ նիստում կքննի «Սիվիլիթասի» բողոքը

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով «Սիվիլիթաս» հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հաղորդում են «Սիվիլիթաս» հիմնադրամի լրատվական ծառայությունից, օգոստոսի 18-ին` ժամը 10:00-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստում կքննվի «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:


Հուլիսի 23-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, մերժել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի նույնաբովանդակ բողոքը` առանց լուրջ հիմնավորումների: