Հուլիսի 24-ին Լատվիայի Յուրմալա քաղաքում ազդարարվեց «Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի սկիզբը: Այս տարի մրցույթին մասնակցում են 14 երկրի 16 երգիչներ, Հայաստանը ներկայացնում է Սուրեն Առուստամյանը:
Համերգը բացեց «Յուրմալա 1988» մրցույթի հաղթող Ալեքսանդր Մալինինը, ով գնչուական երգչախմբի հետ կատարեց «Երկար ճանապարհով» (Дорогой длинною) երգը:
Մրցութային համերգները վարելու են Վերա Բրեժնևան, Ալեքսանդր Ռեվվան, Իվան Դորնը, Աննա Սեմենովիչը, Սերգեյ Լազարևը և Լերա Կուդրյավցեվան, ժյուրին նախագահելու են երգահաններ Ռայմոնդ Պաուլսն ու Իգոր Կռուտոյը:
Մրցույթի պաշտոնական փակումը տեղի կունենա հուլիսի 29-ին: Առաջին երեք տեղեր զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգևներ և «Բյուրեղապակյա ալիք», մեկ մասանկից, ով կարժանանա հանդիսատեսի համակրանքին, կստանա «Ադամանդե ալիք»:
Հիշեցնենք, որ տարբեր տարիներին Հայաստանը մրցույթում ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք:
2010թ. մրցույթում հաղթեց Հայաստանը ներկայացնող Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին հայաստանցի Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: