25 հուլիսի 2012 - 19:38 AMT
Տրանսպորտի նախարարը ՀԲ ներկայացուցիչներին մատնանշել է ճանապարհաշինության թերությունները

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 25-ին ընդունել է Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպիին, ծրագրի ղեկավար Վիքրամ Քուտարիին և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի այլ ներկայացուցիչների:

Հանդիպման ընթացքում նախարար Գագիկ Բեգլարյանը նշել է, որ Համաշխարհային բանկի կողմից վերանորոգվող ճանապարհներն ունեն որակի պահպանման խնդիր: Նա ընդգծել է, որ պետք է հստակեցնել մոտեցումները նոր ճանապարհների կառուցման ուղղությամբ, լուրջ աշխատանքներ կատարել դրանց որակն ապահովելու և սպասարկման ժամկետներն ավելացնելու համար:

Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին կիսել է Գագիկ Բեգլարյանի մտահոգությունները ճանապարհների որակի ապահովման ուղղությամբ և հույս հայտնել, որ կվերացվեն մատնանշվող թերությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել է տրանսպորտի և կապի նախարարության և համաշխարհային բանկի միջև համատեղ ծրագրերի ու նախագծերի ընթացքը:

Նախարար Գագիկ Բեգլարյանը և Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հապպին կարևորել են երկկողմ համագործակցությունը, վտահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան դրանց հետագա ամրապդնման և զարգացման համար: