ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Մակեդոնիա կատարած այցի ժամանակ խոստացել է, որ անձամբ կոչ կանի հունական կառավարությանը արագացնել այդ նախկին հարավսլավյան հանրապետության անվանման հետ կապված խնդրի լուծումը, հաղորդում է ՄԻԱ գործակալությունը: «Մենք կգործադրենք բոլոր ջանքերը, որպեսզի քննարկենք այդ հարցը հունական իշխանությունների հետ: Այցից անմիջապես հետո ես իմ հատուկ դեսպանորդ Մեթյու Նիմիցին կուղարկեմ Հունաստան»,- հայտնել է այսօր Պան Գի Մունը Մակեդոնիայի նախագահ Գեորգի Իվանովի հետ հանդիպումից հետո:
«Շատ ափսոս, որ երկու հարևան երկրները չեն կարողացել լիովին օգտագործել իրենց ներուժը տարածաշրջանային համագործակցության, հաշտեցման և զարգացման համար: ՄԱԿ-ը կանի իրենից կախված ամեն բան, որպեսզի աջակցի այդ գործընթացին»,- հավելել է գլխավոր քարտուղարը:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Աթենքը պահանջում է, որպեսզի Սկոպյեի իշխանությունները փոխեն պետության անվանումն այնպես, որ այն չշփոթեն Մակեդոնիա հունական մարզի հետ: