25 հուլիսի 2012 - 21:55 AMT
ԱՄՆ Կոնգրեսական. Նախագահական ընտրություններն Արցախում ցույց տվեցին ժողովրդավարությունը գործնականում

Ամերիկյան կոնգրեսական Դևիդ Սիսիլինը Ռոդ Այլենդից, որը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հանդես է եկել հայտարարությամբ` կապված Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունների հետ: Կոնգրեսականի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ես շնորհավորում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հերթական ազատ և բաց նախագահական ընտրությունների անցկացման կապակցությամբ, որոնք ցույց տվեցին ժողովրդավարությունը գործնականում: Ես բարձր եմ գնահատում Ռոդ Այլենդի նախկին գլխավոր դատախազ Պատրիկ Լինչի ավանդը, որը ներկա էր ընտրություններին` որպես դիտորդ»:

Արցախում նախագահական ընտրությունները տեղի ունեցան 2012թ. հուլիսի 19-ին: Ընտրողների ընդհանուր թիվը կազմել է 99 227 մարդ, ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից տրամադրված քվեաթերթիկների թիվը կազմել է 102 283, մարված քվեաթերթիկների թիվը` 29 324, գրանցված և քվեաթերթիկ ստացած ընտրողների թիվը` 72 958: Բակո Սահակյանի օգտին քվեարկել է 47 085 մարդ, Վիտալի Բալասանյանի օգտին` 22 966, իսկ Արկադի Սողոմանյանը ստացել է 594 ձայն: