26 հուլիսի 2012 - 14:36 AMT
Նեոֆաշիստական կուսակցությունը դեմ է Պապասկեվիին Հունաստանի հավաքականից հեռացնելուն

Հունական աջ ծայրահեղական նեոֆաշիստական «Ոսկե այգաբաց» կուսակցությունը բողոք է հայտնել Վուլու Պապասկեվիին Հունաստանի Օլիմպիական հավաքականի կազմից հեռացնելու կապակցությամբ՝ Պապասկեվիի ռասիստական արտահայտությունների համար, որն ավելի վաղ իր համակրանքն էր հայտնել կուսակցությանը:

Հունաստանի ԱՕԿ-ը հայտարարել է, որ հեռացնում է թիմից թեթև ատլետիկայի մարզաձևի ներկայացուցիչ Վուլու Պապասկեվիին:

Պատճառը մարզուհու հայտարարություններն են, որ հակասում են օլիմպիական արժեքներին ու իդեալներին: Մարզուհին Twitter-ի իր էջում գրել էր, որ Աֆրիկայի մոծակները, որոնք Արևմտյան Նեղոսի տենդ են տարածում, տնական կերակուրով են սնվում Աթենքում աֆրիկացի միգրանտների շնորհիվ:

«Միակ ռասիզմը Հունաստանում հույների դեմ ուղղված ռասիզմն է: Ով գեթ մեկ բառ կասի ապօրինի ներգաղթյալների դեմ, հրապարակավ ծաղրի է ենթարկվում»,-հայտարարել են «Ոսկե այգաբաց» կուսակցությունում: