26 հուլիսի 2012 - 21:08 AMT
Հայաստանն ու Չինաստանը մտադիր են համագործակցել տրանսպորտի և կապի ոլորտում

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին:

Գագիկ Բեգլարյանը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ Չինաստանի կապերը տրանսպորտի և հեռահաղորդակցության բանգավառում, վստահություն հայտնել, որ բոլոր հիմքերը կան այդ ոլորտում նոր համագործակցություն սկսելու և շարունակելու համար:

Դեսպանը համաձայնել է նախարարի հետ` նշելով, որ տրանսպորտի ոլորտում կան համագործակցության լայն հեռանկարներ, քանի որ Պեկինի և Երևանի միջև խորը բարեկամական հարաբերություններ են հաստատվել:

Նախարար Գագիկ Բեգլարյանն առաջարկել է մշակել և ներկայացնել առաջարկներ, որոնց շուրջ Չինաստանը կցանկանար համագործակցել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ, ինչպես նաև նշել է, որ նախարարությունը ևս կներկայացնի իր առաջարկությունների ցանկը:

Դեսպանը հայտնել է իր աջակցությունն ու պատրաստակամությունը` նախարարության կողմից ներկայացվող առաջարկների քննարկման և իրականացման ուղղությամբ, հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը: