26 հուլիսի 2012 - 18:38 AMT
Վերագործարկվել է Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքի չգործող շատրվանների վերագործարկման ծրագրի շրջանակում «ՎՏԲ-Հայաստան» բանկի աջակցությամբ վերագործարկվել է Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց հատվածում գտնվող այգու շատրվանը:

Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից, ամբողջությամբ փոխվել են այգու եզրաքարերն ու խողովակաշարերը: Երեկոյան ժամերին շատրվանը երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հաճելիորեն զարմացնելու է գեղարվեստական լուսավորության հետաքրքիր լուծումներով: Կատարվել են նաև կանաչ գոտիների մշակման, ծառերի բուժման և կրապատման աշխատանքներ, անցկացվել է գիշերային լուսավորություն: Առաջիկայում կտեղադրվեն նաև նոր նստարաններ ու աղբամաններ:

Կշարունակվեն նաև վարչական շրջաններում շատրվանների վերագործարկման, ինչպես նաև նոր ջրային ավազանների ստեղծման աշխատանքները` դրանց իրականացմանը ներգրավելով նաև մասնավոր ներդրողների:

Նոր ջրային ավազանների ստեղծման շրջանակում Երևանի քաղաքապետարանի շենքին հարակից Ռուսաստանի հրապարակում գործարկվել է նաև նորաստեղծ ջրային ավազանը: