Շառլ Ազնավուրի երևանյան հրապարակում` «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց, հայկական սերիալներում բռնության դեմ ստորագրահավաք է անցկացվում:
Ինչպես PanRMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ակցիայի կազմակերպիչներից մեկը` «Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության անդամը, բոլոր հավաքված ստորագրությունները կուղղվեն «Արմենիա» հեռուստաընկերություն, որը հեռարձակում է ամենավարկանիշային հայկական սերիալը` «Դժվար ապրուստը»:
Ակցիայի կազմակերպիչների կողմից բաժանվող բուկլետներում նշվում է, որ իրենց կողմից դիտված սերիալի 730 րոպեից 550 րոպեներում կան կանանց մասնակցությամբ տեսարաններ: Այդ 550 րոպեներից 328-ում (60%) ներկայացված են կանանց հանդեպ բռնության, նրանց լացի և դեպրեսիայի տեսարաններ:
10 գլխավոր հերոսուհիներից յուրաքանչյուրը ենթարկվում է բռնության, ոչ մեկը չի աշխատում և նրանցից ոչ մեկը սեփական որոշման իրավունք չունի:
«Դժվար ապրուստ» սերիալում կանանց հանդեպ ֆիզիկական բռնությունը կազմում է սերիալի 6,2% (34 րոպե), հոգեբանական բռնությունը` 22% (120 րոպե), սեռական բռնությունը` 0,7% (4 րոպե), կանանց լացով և դեպրեսիայով տեսարանները` 31% (170 րոպե):