Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հուլիսի 27-ին մեկնարկեցին 30-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Լոնդոնի Օլիմպիական ստադիոնում տեղի է ունենում խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Երկրների շքերթը, ըստ ավանդույթի, բացեց Հունաստանի պատվիրակությունը, ապա հարթակ դուրս եկան մյուս երկրները՝ ըստ այբբենական կարգի:
Հայաստանի 24 հոգանոց պատվիրակոթյունը դուրս եկավ 10- րդը: Հայաստանի դրոշակակիրը պետք է լիներ Օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանը, սակայն բացման արարողության ժամանակ այդ պատիվը տրվել էր տեկվանդիստ Արման Երեմյանին, որն ի դեպ առաջին հայ տեկվանդիստն է, որ ելույթ կունենա Օլիմպիական խաղերում:
Նշենք, որ Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտից բացման արարողությանը հետևում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Լոնդոնի Օլիմպաիադայի կազմակերպիչներն, ինչպես և խոստացել էին, ներկայացրին հիանալի և անկրկնելի բացման արարողություն, որը կրում է «Հրաշքների կղզի» անվանումը: Նախ ներկայացվեցին պատմության պատառիկներ, ապա մարզադաշտ դուրս եկան տարբեր գրքերի հերոսներ՝ ցուցադրելով գեղեցիկ ու յուրօրինակ ներկայացում: Ապա ներկայացվեց Մեծ Բրիտանիայի կինոյի պատմությունը, ապա այս դարի կյանքն ինչպես կա՝ նոր տեխնոլոգիաներով:
Երկրների շքերթը կեզրափակի Մեծ Բրիտանիայի ընտրանին: Բացման արարողության վերջում ելույթ է ունենալու Փոլ Մաքքարթնին:
Արդեն հուլիսի 28-ին հայ մարզիկներից մրցահարթակ կելնեն ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը և բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: