28 հուլիսի 2012 - 13:01 AMT
Տնտեսական իրավիճակն Իսպանիայում խանգարում է Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը

Իսպանիայում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի պատճառով հետաձգվել է իսպանական խորհրդարանի Հայոց ցեղասպանության մասին բանաձևի փոփոխության մասին առաջարկի քննարկումը: Այդ մասին «Nouvelles d`Arménie» պարբերականին է հայտնել Բարսելոնայում Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արմեն Սիրունյանը: Ըստ նրա, սկզբում նախատեսվում էր այդ հարցը քննարկել հոկտեմբերին: «Հայ Դատի հանձնախումբը կշարունակի հանդիպումները խորհրդարանականների հետ և կաշխատի նոր նախաձեռնությունների վրա՝ ուղղված Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,-ասել է Սիրունյանը: Ըստ նրա, իսպանացի պատգամավորներն ու հանրությունը բավականաչափ իրազեկված չեն Ցեղասպանության մասին և Հայ Դատի հանձնախումբը փորձում է շտկել իրավիճակը լրագրողների հետ հանդիպումների միջոցով: Խնդիրը նաև նրանում է, որ Իսպանիայի հայ համայնքը համախմբված չէ: Ի տարբերություն ԱՄՆ-ի, Արգենտինայի ու Ֆրանսիայի, Իսպանիայի հայ համայնքը միասնական չէ, ինչը ևս խանգարում է այս հարցի ընդունմանը, ասել է Սիրունյանը: